top of page

Քաղցկեղի և ուռուցքների մասին․ Մաս 1

  • Writer: Mariam
    Mariam
  • Sep 4, 2018
  • 3 min read

Updated: Jan 19, 2019

Շատերիս է ծանոթ վախի այդ տհաճ զգացողությունը, երբ լսում ենք քաղցկեղ բառը։ Նույնիսկ եթե ոչ ոք հիվանդ չէ, այս տերմինն ասոցացվում է վատագույնի հետ՝ բերելով բազում անցանկալի մտքեր և էմոցիաներ, բայց նաև շատ հարցեր։

Բայց ի՞նչ է իրականում քաղցկեղը։ Որտեղի՞ց է այն առաջանում և ի՞նչ պատճառներով։ Եվ որ ամենակարևորն է - արդյո՞ք հնարավոր է այն բուժել։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կփորձենք ստանալ իմ բլոգում <<Քաղցկեղ>> շարքի ընթացքում։


Ի՞նչ է քաղցկեղը


Քաղցկեղը ոչ թե մեկ հիվանդություն է, այլ հիվանդությունների խումբ կամ նույնիսկ կարելի է ասել սինդրոմ։ Սա նշանակում է, որ քաղցկեղ անվան տակ մենք հասկանում ենք տարատեսակ հիվանդություններ, որոնք ունեն առաջացման տարբեր պատճառներ ու պատմություններ, բայց ցուցադրում են նման ախտանիշեր։ Բացի տարաբնույթ ծագումներից քաղցկեղ հիվանդությունները տարբերվում են նաև իրենց զարգացման փուլերով, արագություամբ և ագրեսիվությամբ։ Այնուամենայնիվ, առօրյա խոսքի մեջ քաղցկեղ ասելիս մենք նկատի ենք ունենում և հասկանում վերջին փուլի, անբուժելի, մահացու չարորակ ուռուցք։ Լավ նորություն․ դա միշտ չէ ճիշտ (որոշ դեպքերում նույնիսկ հազվադեպ է ճիշտ): Միջազգային տերմինալոգիայում կա հստակ տարբերություն "քաղցկեղ" և "ուռուցք" բառերի միջև։ Բարորակ ուռուցքները, ինչպես իրենց անունն է արդեն հուշում, իրենցից առաջին հերթին ոչ մի սարսափելի երևույթ չեն ներկայացվում։ Ուռուցքներն առաջանում են գենետիկորեն փոփոխված բջջի կամ բջիջների անկառավարելի բաժանման պատճառով։ Սրա ողջ իմաստը հասկանալու համար պետք է իմանալ, որ մեծահասակ մարդու մարմնի բջիջների խիստ մեծամասնությունն այլևս չի բաժանվում և գտնվում է, կարելի է ասել, քնի փուլում (այսինքն մեր բջիջների մեծ մասն այլևս ի վիճակի չէ բջիջների նոր սերունդներ առաջացնելուն և այդպիսով հյուսվածքների և օրգանների կառուցվածքը փոփոխելուն։ Բացառություն են կազմում այսպես կոչված ցողունային բջիջները, որոնց մասին մի ուրիշ անգամ կխոսենք)։ Բայց մուտացիայի ենթարկված կամ այլ կերպ ակտիվացած ու"քնից" արթնացած բջիջները կարող են վերականգնել իրենց բաժանվելու ու բազմանալու կարողությունը։ Դա էլ իր հերթին հանգեցնում է բարորակ ուռուցքի առաջացումը, ինչը տվյալ պահի դրությամբ ընդամենը բջջակույտ է (նկար 1)։ Մարդկանց մեծամասնությունը կյանքի ընթացքում վաղ թե շուտ ունենում է առնվազն մի բարորակ ուռուցք՝ շատ հաճախ առանց դրա մասին իմանալու, քանի որ առողջ իմունային համակարգը շատ դեպքերում կարողանում է հեռացնել բարորակ ուռուցքը՝ սպանելով հիվանդ բջիջները։ Բայց չհայտնաբերված բարորակ ուռուցքը կարող է ժամանակի ընթացքում վերածվել չարորակ ուռուցքի, եթե հիվանդ բջիջները ենթարկվեն հավելյալ մուտացիաների՝ հանգեցնելով գենետիկ ուժեղ փոփոխումների (նկար 1)։


Նկար 1․ Բարորակ ուռուցքից մինչև քաղցկեղ։

Չարորակ ուռուցքները՝ լինելով մեծ և ագրեսիվ, առաջին հերթին խանգարում են վնասված օրգանի նորմալ ֆունկցիան հետևյալ պատճառներով․ Մեծացած ուռուցքը փոխում է օրգանի մորֆոլոգիան կամ այլ կերպ ասած ձևն ու օրիենտացիան մարմնի մեջ։ Այս պարագայում կարևոր է իմանալ, որ մեր օրգանների մորֆոլոգիան թելադրում է նրանց ֆունկցիան։ Փոփոխված մորֆոլոգիայով և անատոմիայով օրգաններն այլևս ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները։ Չարորակ ուռուցքը ամենայն հավանականությամբ ներառում է օրգանի բջիջների մեծ մասը՝ թողնելով բջիջների փոքրիկ քանակ, որոնք փորձում են պահպանել օրգանի ֆունկցիան։ Կարևոր է նաև այն հանգամանքը,որ օրգանները կազմված են տարբեր տեսակի բջիջներից, ու որ ոչ բոլոր բջիջներն են ի վիճակի ստանձնել մյուսների ֆունկցիան։Ագրեսիվ, մեծ ուռուցքները սպառում են մեծ քանակությամբ էներգիա՝ խլելով այն հարևան օրգաններից։ Չարորակ ուռուցքների թերևս ամենավտանգավոր կարողությունը մետաստազերի ձևավորումն է։ Մետաստազերը չարորակ բջիջներ են, որոնք տվյալ օրգանում առաջացած չարորակ ուռուցքից առանձնանում և անցնում են արյան շրջանառություն, որի միջոցով ճամփորդում են մարմնում և ի վերջո "բույն" են դնում մի ուրիշ, առողջ օրգանում։ Այս միջոցով մետաստազը հայտնվում է առողջ օրգաններում, սկսում է կրկին բաջանվել ու նոր, հիվանդ բջիջներ առաջացնել՝ վնասելով նոր օրգանը (նկար 2)։ Այս ճանապարհով առաջացած ուռուցքները կոչվում են նաև երկրորդային ուռուցքներ, որովհետև հիվանդ բջիջների (մետաստազերի) առաջնային աղբյուրն ուրիշ օրգան է եղել։

Աղբյուր․ https://www.cancer.gov/types/metastatic-cancer
Նկար 2․ մետաստազերի տարածման սխեմատիկ բացատրություն։ https://www.cancer.gov/types/metastatic-cancer

Ի վեջո, եթե հիվանդի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք, ապա այդ պարագայում նա ստանում է քաղցկեղ ախտորոշումը։ Գոյություն ունեն քաղցկեղի տարբեր տեսակներ՝ կախված այն հանգամանքից, թե որ օրգանում կամ հյուսվածքում է առաջացել ուռուցքը (նկար 3)։ Այսպես կոչված սոլիդ (ծագումը լատիներեն solidus բառից - պինդ, խիտ, ամբողջական) ուռուցքները ծագում են էպիթելային հյուսվածքից (և կոչվում են կարցինոմաներ) կամ շարակցական հյուսվածքից (և կոչվում են սարկոմաներ)։ Էպիթելային հյուսվածքները ծածկում են մարմնի, օրգանների, մարմնի խոռոչների ու խողովակների մակերեսը։ Այսինքն կարցինոմաներին են պատկանում լյարդի, թոքերի, ստամոքսի, արգանդի և այլն ներքին օրգանների քաղցկեղները։ Շարակցական հյուսվածքներն իրենց հերթին գտնվում են մկաններում, աճառներում, ոսկորներում։ Համապատասխանաբար այդ հյուսվածքներն են տուժում սարկոմաներից։ Բոլոր մնացած քաղցկեղները պատկանում են արյան և ավշային համակարգին, որոնց մասին կխոսենք հաջորդ գրառման մեջ։


Հաջորդ գրառումների ընթացքում կանդրադառնամ չարորակ ուռուցքների առաջացման և զարգացման մոլեկուլյար մեխանիզմներին, քաղցկեղի տարբեր տեսակներին և ի վերջո բուժման հնարավորություններին և մեթոդներին։



Commentaires


  • twitter
  • linkedin
  • instagram

©2018 by Cuppa Science.

bottom of page